Լրահոս

06.02.2012 13:42


Հարավային Օսիայի նախագահական ընտրություններում Ջիոևայի մրցակիցը հրաժարվել է առաջադրել իր թեկնածությունը

Հարավային Օսիայի նախագահական ընտրություններում Ջիոևայի մրցակիցը հրաժարվել է առաջադրել իր թեկնածությունը

Հարավային Օսիայի արտակարգ իրավիճակների նախարար Անատոլի Բիբիլովը, ով նոյեմբերին կայացած նախագահական ընտրություններին առաջադրել էր իր թեկնածությունը և համարվում էր մյուս թեկնածու Ալլա Ջիոևայի հիմնական մրցակիցը, այսօր հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, թե չի մասնակցի մարտին կայանալիք նախագահական նոր ընտրություններին։

Բիբիլովը նշել է, որ ինքը նման քայլի է դիմում «քաղաքացիներին հանգիստ միջավայրում ազատ ընտրություն կատարելու հնարավորություն տալու համար, առանց նայելու դեպի անցյալը»։

Նշենք, որ Բիբիլովը համարվում էր Ռուսաստանի աջակցությունը վայելող թեկնածուն։ Նա հանդիպել էր նաև ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ։

Հիշեցնենք, որ նոյեմբերյան ընտրությունների արդյունքները չեղյալ էին հայտարարվել երկրի Գերագույն դատարանի կողմից՝ ընտրակեղծիքների առկայության պատճառաբանությամբ։ Թեկնածու Ալլա Ջիոևան, ով ըստ այդ արդյունքների պետք է դառնար երկրի նախագահ, չհամակերպվեց այդ որոշման հետ. նրա համախոհները շուրջօրյա նստացույց անցկացրեցին մայրաքաղաք Ցխինվալի կենտրոնական հրապարակում։ Ընդառաջելով ընդդիմությանը՝ երկրի նախագահ Էդուարդ Կոկոյտին առաջարկեց փոխհամաձայնության գալ ու հրաժարական տվեց՝ պայմանով, որ ցույցերը կդադարեցվեն, ու թեկնածուները կմասնակցեն նոր ընտրություններին, որոնք կկայանան մարտի վերջին։ Սակայն Ջիոևան չեղյալ հայտարարեց այդ համաձայնությունը (նախագահ Կոկոյտին արդեն հրաժարական էր տվել) ու ցայսօր պահանջում է իրեն ընտրված նախագահ հռչակել։ Վերջին հայտարարության մեջ Ջիոևան նախագահի պաշտոնի բոլոր թեկնածուներին կոչ էր անում իրեն ճանաչել որպես ընտրված նախագահ։ Ավելին,  Ջիոևան արդեն նշանակել է իր երդմնակալության օրը՝ փետրվարի 10-ին։ 

Այս խորագրի վերջին նյութերը